38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Այդին Մորիկյանին

Այդին Մորիկյանին
22.05.2009 | 00:00

ԿՅԱՆՔԻ ՈՒ ՄԱՀՎԱՆ ԱՓԵՐԻՆ
Ընդամենը երեք օր է` ու արդեն անհնար, անլցնելի մի դատարկություն է, որ քաղցկեղի մետաստազի պես կաշկանդում է ոչ միայն մարմնիդ շարժումները, այլև` մտքիդ:
Ընդամենը երեք օր է` ու արդեն անցած կյանքդ պատմություն է, որ Տացիտոսի կամ Սվետոնիոսի մատյաններում է մնացել, որոնք ժառանգներին չեն հասել ու սերունդների համար չեն պահպանվել:
Ընդամենը երեք օր է` ու արդեն ողնաշարդ զգում ես ող առ ող ու նույնիսկ գիտես` որ ողերն են անշարժացել առժամանակ, որ ողերն են անշարժացել ընդմիշտ, և ինչ է մնացել հիշողությանդ ողնաշարից...
Ընդամենը երեք օր է` բայց արդեն խեղճացել ես այդ քաղցկեղային դատարկությունից, որ հիմա էլ քեզ է հաղթել:
Ընդամենը երեք օր է` բայց վաղուց գիտեիր, որ անմահությունը հեքիաթներում է, ու կյանքի հեքիաթն էլ անվերջ չէ:
Ընդամենը երեք օր է` բայց բոլոր հարցերն արդեն ունեն մեկ պատասխան, ու այդ պատասխանից արդեն ոչ մի հարց չի ծնվում:
Ընդամենը երեք օր է` բայց գիտես ելքը, որից ոչինչ չի սկսվում...
...Նրանք ապրում են մեր կողքին` մեզ չպարտադրելով իրենց ներկայությունն ու գոյությունը, բայց նրանք մեր ու մեր կյանքի հավասարակշռությունն են, այն չափանիշը, որ չափանիշ է դառնում չափանիշին: Դու կարող ես որոնել, սխալներ անել, շտկել կամ խորացնել, դու կարող ես առաջ գնալ ու հետ դառնալ, որովհետև կան նրանք` ու դու թիկունք ունես, հանգրվան, ապաստան:
...Նրանք ապրում են մեր կողքին ու իրենց ներկայությամբ իմաստավորում ժամանակի երեք չափումները` չորրորդ չափումի դուռը բացելով: Դու սկսում ես ժամանակն զգալ ու տարածությունը հասկանալ` հստակ ելակետ ունենալով ու նպատակակետն իմանալով: Նրանք գիտեն իմաստավորել կյանքը:
...Նրանք ապրում են մեր կողքին, ու նրանց ներկայությունը տաբու է դնում այն ամենին, ինչ դուրս է Աստծո տասը պատվիրաններից: Դու սկսում ես հասկանալ` ինչ է հպարտությունը, ինչ է արժանապատվությունը, դու սկսում ես հասկանալ քո մասնագիտությունը, ստորագրությանդ պատիվը, որ քեզ տեղավորում է քո ընտրած բառերի մեջ, ու նույնիսկ տեղ է թողնում ուրիշներին` ապրելու քո բառերի ստեղծած աշխարհում: Եվ մասնագիտությունդ սկսում ես ապրել, որովհետև լրագրողը հավասարվում է ոչնչից ինչ ստեղծողի հետ ու բառերի չտրվող հպարտությունն է քեզ բաժանում բոլոր նրանցից, որ օտար ու շահավետ խաղեր են խաղում բառերի հետ: ՈՒ` շահում են, մինչդեռ իրականում բառերը բոլորովին այլ իմաստ ու նշանակություն ունեն: Իսկ նրանց ընթերցողը լինելը երջանկություն է, և երջանկություն է նրանց ընթերցող ունենալը:
...Նրանք ապրում են մեր կողքին ու կենդանի են պահում մեր հիշողությունը, որտեղ միտքը, սիրտն ու հոգին միասնություն են, որտեղ մենք ոչ թե խեղճ ենք, այլ խղճով, որտեղ հաղթանակներից կյանքի իրավունք են ստանում իրականները, որտեղ անսահման բարությունը անսահման թուլությունից չէ, պարզապես ուժեղի բարություն է, որովհետև աշխարհը մեծ է, ու մենք բոլորս Աստծո ստեղծած արարածներն ենք, որտեղ Իշխան, թե Ավետիք` մենք ենք... Որտեղ աշխարհը գիտենք` մեր սրտի չափ ու վճռական մենակի մեր կյանքում մեզ հնարավոր չէ հաղթել: Որտեղ նրանք գալիս ու ասում են` մի նվա, ասում են` ձիավորվիր, հարցնում են` որտե՞ղ է խարիսխդ, կյանքը անփոթորիկ ծով չէ, ու երբ տեսնում են, որ ծովը քեզ համար ծնկից է` քեզ խարիսխ են դառնում:
...Նրանք ապրում են մեր կողքին ու երբեք չեն դավաճանում իրենք իրենց` բաց նյարդ են, բաց` ցավի առաջ ու սիրո: Նրանք երկրի աղն են: Նրանք կան, ու ամեն ինչ իր բնական ընթացքի, իր տրամաբանական ընթացքի մեջ է: Նրանց մանրամասն հայրենիքում ամեն ինչ իր տեղում է, ու մեզնից յուրաքանչյուրը տեր է, որովհետև քո միակ կյանքը դու պիտի ապրես տիրոջ պես:
...Նրանք ապրում են մեր կողքին ու իրենց ներկայությամբ սովորեցնում գույների մեջ գույներ տեսնել, սովորեցնում են լսել լռությունը, սովորեցնում են իդեալ ունենալ ու իմաստ, պարզապես ապրում են մեր կողքին, ու մենք մեզ պաշտպանված ենք զգում, լիքը, փնտրված ու կարևորված, անհրաժեշտ մենք մեզ ու իրար:
...Նրանք ապրում են մեր կողքին, ու մենք գիտենք ինչ անել, ինչու: Նրանք մենակ են, բայց իրենցով հերքում են մենակությունը: Եվ` նրանց հետ կենսատարածքը դառնում է հայրենիք, ժամը` ժամանակ, դու` դու:
...Բայց նրանք պարբերաբար հեռանալու սովորություն ունեն: Նրանք գնում են անակնկալ ու անվերադարձ: Նրանք գնում են, ու պարզվում է` ամենակարևոր բառը մնացել է չասված, ամենաանհրաժեշտը չես հասցրել անել, ամենա... ժամանակը միշտ քիչ է` երբ հեռանում են մարդիկ, ում սիրում ես... Նրանք գնում են, ու պարզվում է` հայրենիքը դառնում է բնակավայր, սահմանների մեջ առնված տարածք, որտեղ եկվորներն ու անցվորներն էլ կարող են տեր լինել: Նրանք գնում են` թողնելով թափուր գահեր, որտեղ ով էլ բազմի, դատարկությունը զնգում է: Նրանք գնում են, ու պարզվում է` մարդիկ ոչ միայն անկրկնելի են, այլև` անփոխարինելի:
...ՈՒ գալիս է խելագար մի դատարկություն, որ պիտի հաղթես, խելագար մի անիմաստություն, որ պիտի հաղթես, խելագար մի լռություն, որ պիտի հաղթես, խելագար մի մենակություն, որ պիտի հաղթես, խելագար մի ցավ, որ պիտի հաղթես... Եվ այդքան խելագարության ու այդքան հաղթանակների անհրաժեշտության կենտրոնում դու լռվում ես մենակ:
...Իսկ կյանքը շարունակվում է, և դա ամենաանհեթեթն է, որ կարող է քեզ հետ պատահել նրանց հեռանալուց հետո:
ՈՒ դու պարտավոր ես փոխարինել նրանց:
Եթե կարող ես:
Եթե չես կարող:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2379

Մեկնաբանություններ